Հայ հայրիկներ | 2017

“Հայ հայրիկներ” նախագծի ոգեշնչման աղբյուրը շվեդ լուսանկարիչ Յոհան Բևմանի “Շվեդ հայրիկներ” ֆոտո շարքն է։ Երկու ցուցահանդեսներն էլ ի ցույց են դնում ժամանակակից հայրիկի դերը Շվեդիայում և Հայաստանում լուսանկարներով, որոնք կոտրում են սեռային կարծրատիպերը և ներկայացնում հայրության դրական ու առաջադեմ օրինակներ։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության կողմից և “Հայ հայրիկներ” նախագծի նախաձեռնող Րաֆֆի Նիզիբլյանի հետ համատեղ՝ Շվեդական ինստիտուտի ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահի և Երևանի մետրոպոլիտենի համագործակցությամբ։

Նախագծի նպատակն է պատկերել հայ հոր կերպարը ոչ միայն որպես ավանդական հայր, այլ նաև որպես խնամող և ներգրավված ծնող։ Նախագիծը շեշտում է, որ երեխայի խնամքը նույնպես կարող է հոր պատասխանատվությունը լինել։ Այս հայրիկները ցույց են տալիս, թե ինչպես են նրանք ժամանակ անցկացնում իրենց երեխաների հետ՝ խնամելով, կրթելով, կերակրելով և դառնալով այն հենասյուները, որոնք նպաստում են, որ իրենց երեխաները դառնան կայացած մարդիկ ու դրական ներդրում բերեն իրենց համայնքին։

“Հայ հայրիկները” նախագիծը նախաձեռնել է Րաֆֆի Նիզիբլյանը՝ չորս երեխաների հայր, Շվեդիայում հայրության վերաբերյալ ոգեշնչող աշխատաժողովին մասնակցելուց հետո։ Լուսանկարները հեղինակել է Արեգ Բալայանը՝ երեք երեխաների հայր, ում մարդասիրական և նրբանկատ մոտեցումը արժանացրել է նրան բազում մրցանակների։ Արեգը և Րաֆֆին պատահականորեն ընտրել են երևանցի հայրիկների։ Թեև ընտրությունը չի ներկայացնում բոլոր հայ հայրիկներին, սակայն անդրադառնում է այն տղամարդկանց, ովքեր լիարժեք ապրում են հայր լինելու իրենց փորձառությունը։

©Areg Balayan, 2017

Նախագծեր

EN
AM