Ergo Sum | 2021
Ես կամ
“Սա 4-րդն* էր։
Էս անգամը բոլորից տարբեր էր։ Էս անգամ ես, լինելով մեջը, կարողանում էի
դրսից տեսնել կատարվողն ու ինձ։ Ազատվել էի…
Որ դրսից մարդիկ գրում կամ զանգում, հարցնում էին, թե ո՞նց եմ, պատասխանում էի ` կամ։ Ու իսկապես դա միակ բնութագրումն էր, որը մաքսիմալ համապատասխանում էր էդ ժամանակի ու տարածության մեջ գտնվելու իմ զգացողությանը։
Բլօջիկներս** “ես կամ»-ի մասին են` յուրաքանչյուրիս։ Իրանք մեր ներսի
էրեխեքն են` հետաքրքրասեր, չարաճճի, ճանաչելու ծարավ, հոգատար,
նրբանկատ, փնտրող, տեսնող։ Իրանք մեզ արթնացնողներն են, մեր ներքին
զարթուցիչները»։
15-ը ապրիլի, 2021թ․
Պատերազմի պատկերները քանդում են, մեծ ու փոքր, ուժեղ ու խոցելի, ցինիկ ու զգայուն։ Քո զգայական դիսոնանսն ու սահմանների լրջությունը հասկանում ես հատկապես երբ ծնվել ես մի երկրում, որտեղ գիշերը խաղաղ քնում ես անկողնումդ, իսկ առավոտը զարթնում չոր ու սառը խրամատի մեջքդ ուժեղ ցավացնող հողե գետնին։ Էդ մի երկիրը Հայաստանի Հանրապետությունն է, երկիրը, որտեղ ես եմ ծնվել, որտեղ չի կարելի ապրել տեսական հայրենասիրությամբ, որտեղ ի ծնե ինքդ քեզ արգելում ես երազել խաղաղության մասին, որովհետեւ երազանքներ կան որոնց վիճակված չէ կատարվել։ Իսկ չոր ու սառը խրամատը Արցախն է, որի չափերի ու մարդկային չափումների փոփոխությանը ես հետեւել եմ տասնմեկ տարեկանից՝ արկերի պայթյունի ձայնի տակ խաղալիս, լամպի լույսի տակ հայրիկի զենքը մաքրելիս, երկու փոքր ձագուկներիս երազել սովորեցնելիս ու մեծացնելիս։
Պատերազմի պատկերները քանդում են մինչեւ էն կետը, երբ էլ չես կարող ռուիններից նոր բան շինել։ “Ես կա՞մ”, հարցնում էի ես ինձ ու զգում, որ ազատվել եմ, ազատագրվել եմ։ Իմ սեփական ոչնչության զգացումն էր ինձ օգնում պատասխանել էդ հարցին։ Ու ես համ կտրված էի, համ ներկա։ Էդ պատկերների պես համ քանդված, համ էդ պատկերներում արդեն պոստֆակտում նկարված իմ բլօջիկների պես ազատ։
*Հեղինակի տեսած եւ ապրած չորրոդ պատերազմը։
**(Բլօջիկ բառի թարգմանությունը)։
©Areg Balayan, 2021