Լուռ ներկայություն | 2023
Նախագիծ և ցուցահանդես՝ կազմակերպված անհետ կորածների միջազգային օրը հիշատակելու նպատակով՝ համագործակցելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) Հայաստանի գրասենյակի հետ։
Լուսանկարներին կից մակագրությունները գրել են ընտանիքի անդամները։
Կարող եք անցնել հղմամբ՝ դրանք կարդալու համար։
Օգոստոսի 30-ին, Անհետ կորածների միջազգային օրը հիշատակելու նպատակով, Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ Արմավիրում մեկնարկեց “Լուռ ներկայություն․ սպասման ու կարոտի պատմություններ” ֆոտո ցուցահանդեսը։
Միջոցառման նման ձևաչափը Արմավիր քաղաքում բնակվող ընտանիքների մտահղացումն էր, որոնք 2020թ․ աշնանն իրենց սիրելիի անհայտ կորելուց հետո փորձում են շարունակել ապրել՝ գտնվելով անսահման հույսի և անզիջում հուսահատության միջև։
Նրանցից շատերի համար անցած երեք տարիների ամեն օրը լի է նույն տառապանքով և պայքարով, ինչպես սիրելիի անհետացման լուրը ստանալու օրը։
Արեգ Բալայանի լուսանկարների միջոցով ընտանիքները հաղորդում են սպասման ծանր բեռին դիմակայելու իրենց ամենաանձնական մոտեցումը։
Յուրաքանչյուր առարկա և վայր ունի հատուկ նշանակություն, յուրաքանչյուր պատկերված անկյուն ամփոփում է ընտանիքների անսահման սպասումը, իսկ լույսը, որ կարմիր թելով անցնում է բոլոր լուսանկարների միջով, չանհետացող հույսի մարմնացումն է։ Բայց ժամանակն անզոր է ամոքել սպասման տևական ցավը․ պատասխաններ են անհրաժեշտ։