Հետևանքը՝ արտեֆակտ | 2019
“Հետևանքը՝ արտեֆակտ” նախագիծը փորձ է առաջարկելու այլընտրանքային տեսանկյունով քննել հակամարտությունն՝ ի ցույց դնելով ոչ թե քաղաքական, տնտեսական կամ սոցիալական հետևանքները, այլ շփման գծին մերձ տարածքում առկա հետքերը: Իրականացնողները` Էդիկ Պողոսյանը և Արեգ Բալայանը կփորձեն գտնել և ընտրել հակամարտության հետ կապված նյութական վկայություններ և վերափոխել դրանք արվեստի գործերի:
Հեղինակներ՝ Արեգ Բալայան, Էդիկ Պողոսյան
Լուսանկարչությունը որպես վկայություն ու դարման
Արեգ Բալայանի դիմանկարները հակամարտության գոտուց անդին
Վիգեն Գալստյան PhD
Համադրող, լուսանկարչության պատմաբան
2016-ի իր MOB ֆոտոշարքի հաջողությունից հետո Արեգ Բալայանն ի հայտ է եկել որպես ժամանակակից հայկական վավերագրական լուսանկարչության բացառիկ ձայներից մեկը: 2016-ի ապրիլին, ադրբեջանական և հայկական ուժերի միջև սկսված քառօրյա պատերազմի ընթացքում, Բալայանի՝ հեռավոր զորամասի զինվորական կյանքի խիստ մտերմիկ ու զգայական պատկերումն ընդունվեց մեծ խանդավառությամբ՝ արժանանալով լուսանկարչության “Ավրորա” մարդասիրական մրցանակին և 2017-ին LensCulture Exposure Awards-ում զբաղեցնելով երկրորդ տեղը:
Նախքան կոմերցիոն լուսանկարչությամբ ու ֆոտոլրագրողական աշխատանքով զբաղվելը Բալայանը կրթություն է ստացել գրաֆիկական արվեստի ոլորտում: Իր գործունեության սկզբնական հատվածը որոշակի գեղարվեստական արտացոլում է ստանում նրա վերջին տարիների վավերագրական աշխատանքներում: Գեղագիտական այս զուգորդումները հաճախ սերում են Արևմտյան արվեստի դասական ավանդույթներից՝ առնչվելով մարդասիրության, հոգևոր լուսավորչության և արվեստի վերականգնող ուժի գաղափարների հետ: Որպես PAN ֆոտոլրագրողական գործակալության անդամ, Բալայանի նկարները հաճախ պատկերում են իր երկրում ընթացող ռազմական ու քաղաքացիական զանազան հակամարտություններ: Լուսանկարչի ուշադրությունը գրավում են ավելի խրթին, մարդկային վիճակի հետ կապված բարոյական ու համընդհանուր կարևորություն ունեցող հարցեր, որոնք շեշտադրում են քաղաքական ու սոցիալական պայքարը: Ցավոտ այս խնդիրներին անդրադառնալով՝ Բալայանը փորձում է նայել մակերեսային փաստերից անդին ու տեղ գտնել արժանապատվության ու երկխոսության համար:
Արեգ Բալայանի ու արվեստագետ Էդիկ Պողոսյանի ջանքերով իրականացվող “Հետևանքը՝ արտեֆակտ” համագործակցային ծրագիրը միտված է ուսումնասիրելու և ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի “սառած” ռազմական հակամարտության հետևանքները: Իրենց “հնագիտական” մոտեցմամբ՝ արվեստագետները նպատակ ունեն հաղթահարելու նախապաշարմունքներն ու խոչընդոտները, որոնք բաժանում են շփման գծի երկու կողմերում ապրող ժողովուրդներին: Պատերազմի օրոք խարխլված շենքերից հավաքված մետաղական բեկորների համադրությունը հակամարտության գոտում բնակվողների լուսանկարների հետ կառուցված է պատմական հետքերի ու ներկա իրականության բարդ փոխառնչությունների շուրջ: Այստեղ աղետը հառնում է իբրև բնականոն և ընդունելի երևույթ՝ ազդելով կյանքի, աշխարհի ու ապագայի մասին մարդկանց առօրյա ընկալումների վրա: Բալայանը լուսանկարում է պատերազմից տուժածներին այնպես, ինչպես նրանք կան իրականում՝ չխուսափելով ի ցույց դնել նրանց սարսափելի սպիներն ու վնասվածքները: Այս տառապանքի ֆիզիկականությունն էլ ավելի է ընդգծվում ավերակների կամ բժշկական փաստաթղթերի միջոցով, որոնց հետ պատկերված են այս մարդիկ. ցավոտ իրականություն, որն ավելի ակներև է դառնում Բալայանի վառ, գույնով հագեցած լուսանկարների միջոցով: Մեքենաների ու շենքերի ճզմված բեկորների նման այս հերոսներն ականատես են սարսափազդու իրավիճակների, որոնք հնարավոր չէ ամբողջությամբ պատկերել կամ վերաներկայացնել: Պատմական հետքերն ու ժամանակակից իրականությունը միահյուսելով՝ լուսանկարները հանդես են գալիս որպես պատերազմի արհավիրքի մնայուն բեռի դատողական վկայություն։ Դա ծանրություն է, որն ազդում և վերափոխում է սովորական կյանքը, նույնիսկ երբ զենքերի աղմուկը վաղուց դադարել է։
“Հետևանքը՝ արտեֆակտ” բազմամեդիա նախագիծը ձգտում է դառնալ ավելին, քան պատմության վերաներկայացումն է։ Լոկ դրամատիկ դիսկուրսի վերածվելու փոխարեն, արվեստն այստեղ փորձում է անցյալի ու ներկայի միջև միջնորդ հանդիսանալ և բարձրաձայնել այն, ինչ հաճախ վեր է դիվանագիտության ուժերից: Բալայանի դիմանկարները սոսկ վիճակագրություն չեն, այլ ոգեշնչող ներբող այն մարդկանց, որոնք հավատարիմ են մնացել իրենց արմատներին, չնայած որ աներևակայելի ավերածությունները խորտակել են նրանց կյանքի բնականոն ընթացքը: Հիմնվելով հումանիստական լուսանկարչության լավագույն ավանդույթների վրա՝ լուսանկարիչը հիշեցնում է մեզ, որ ցանկացած հակամարտությունից անդին, երկու կողմերում էլ գոյություն ունեն եզակի անհատներ, որոնց տառապանքները չեն կարող արդարացվել որևէ տեսական փաստարկով, և որ պատերազմից պետք է խուսափել ամեն գնով: Եվ, ի վերջո, սա այն քիչ դեպքերից է, երբ ժամանակակից արվեստագետներն աշխատում են անմիջականորեն ներգրավվել Լեռնային Ղարաբաղի դեռևս չլուծված հակամարտության հորձանուտում: Հայկական ժամանակակից արվեստում զարմանալիորեն անտեսված այս թեման դեռևս սպասում է իր շարունակական լուսաբանմանն ու քննարկմանը: