“Մոբ.” | 2016

Հայացք ներսից

Ներկայացված է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հեռավոր սահմանային դիրքի կյանքը՝ ներսից, զինվորի (և լուսանկարչի) աչքերով, ով « ընտրություն չուներ զենքի և տեսախցիկի միջև… բայց միևնույնն է նկարում էր»։

Վերջին 11 տարին ապրում եմ Ստեփանակերտում՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքում, կնոջս և երկու զավակներիս հետ։ 2016 թ. ապրիլի 2-ին վերսկսվեց ռազմական հակամարտությունը, որը մի ժամանակ կյանք էր տվել այս հանրապետությանը։ Նույն օրը ինձ զորակոչեցին ԼՂՀ Պաշտպանության Բանակ՝ որպես շարքային և ուղարկեցին ամենահեռավոր սահմանային դիրքը։ Այդ օրը ես “մահացա”. մահացա որպես մարդ, որպես լուսանկարիչ, որպես քաղաքացի… Ընդունեցի այն միտքը, որ այլևս գոյություն չեմ ունենալու այս աշխարհում։ Դարձա փոքրիկ կետ… գրեթե ոչինչ։

Սկզբում գրեթե չէի մտածում տան մասին, համարյա մոռացել էի դրա գոյությունը։ Դա միակ ճանապարհն էր չխելագարվելու։ Պետք է պաշտպանեի այդ դիրքը և ողջ մնայի։ Վերջ։ Եվ հետո գտա այս անմարդկային իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը՝ սկսեցի ապրել հանուն իմ կրտսեր զինակից եղբայրների՝ 18-ամյա ժամկետայինների։ Այդ պահից ես նորից գտա ինքս ինձ։ Այն փոքրիկ կետը, որ դարձել էի, սկսեց մեծանալ։

Ես ընտրության հնարավորություն չունեի՝ ավտոմատը կամ տեսախցիկը։ Իմ պարտքն էր կրել Կալաշնիկովը։ Բայց ես միևնույնն է լուսանկարեցի։ Այս պատկերները պատմում են իմ ճամփորդության մասին՝ լուսանկարիչից՝ մարտիկ, և կրկին լուսանկարիչ։

— Արեգ Բալայան / Արցախ, 2016


©Areg Balayan, 2016

Նախագծեր

EN
AM